ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ոչինչ, կենացները դեռ նոր են քաղցրանում...

Ոչինչ, կենացները դեռ նոր են քաղցրանում...
15.07.2008 | 00:00

ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 16-ին կքննարկի բջջային երրորդ օպերատորին հայաստանյան շուկա մուտք գործելու լիցենզիա տրամադրելու նպատակով միջազգային մրցույթի համար մշակված փաթեթը, հայտարարել է հանձնաժողովի հեռահաղորդակցության բաժնի պետ Գևորգ Գևորգյանը:
Ըստ այդմ, մրցույթին մասնակցելու հավակնող ընկերությունները պետք է վճարեն 10 000 եվրո, իսկ լիցենզիայի համար առաջարկվող նվազագույն գինը պետք է լինի 10 մլն եվրո: Փաթեթի համաձայն` մրցույթին պետք է մասնակցեն բջջային կապի ոլորտում աշխատանքային փորձ ունեցող և լիցենզիան ստանալու պահին հաջորդող 2 տարվա ընթացքում 200 մլն եվրոյի ներդրում կատարելու հնարավորությամբ ընկերությունները: Նոր օպերատորը, ի դեպ, պետք է զբաղեցնի հետևյալ` + 374 (0) 55, + 374 (0) 95 կոդերը, իսկ հետաքրքրվողները կարող են մրցույթի մասին ողջ տեղեկատվությունը (այդ թվում` ամբողջ փաթեթը) ստանալ հանձնաժողովի կայքից:
Ի դեպ, առաջին հայացքից այս մրցույթի առաջացրած հետաքրքրությունը հնարավոր է նաև պարզ չլինի մեր ընթերցողի համար: Բանն այն է, որ ներկայումս Հայաստանում գործող 2 օպերատորները` «Բիլայն» դարձած «ԱրմենՏելն» ու «Վիվասելը», ռուսական սեփականատերեր ունեն` «Վիմպելկոմն» ու «ՄՏՍ»-ը, ինչը մեր երկրում որոշակիորեն «անձեռնմխելիություն» է նշանակում: Այլ խոսքերով, նաև մեր ունեցած տեղեկություններով, այս երկուսն էլ Հայաստան են եկել շուկայի որոշակի հաշվարկներով և կարծես թե ամենևին այսպիսի հանգուցալուծման չէին սպասում: Շուկան է փոքրանում, փաստորեն, մրցակցությունն էլ` անհամեմատելի կերպով աճում: Հանգամանք, ինչը կարծես թե մեր սովորական քաղաքացուն, այսինքն` հենց սպառողին է ձեռնտու: Բայց երբ ավելի ես խորանում հարցում, նաև «ականջ դնում լրաբերներին», պարզվում է` ամեն ինչ չէ, որ այս մրցույթում մաքուր է: Դե, ինչպես ի սկզբանե ամեն բան մաքուր չէր նախ` էքսվարչապետ Վազգեն Մանուկյանի՝ «ամերիկացիների» հետ կնքած գործարքում, այնուհետ` Քոչարյան-Պողպատյան-Դավիթ Հարությունյան-Ա. Մանուկյան ՕՏԵ-ական գործարքներում, հետո արդեն` արաբների հետ տված խաղերում, վերջում արդեն` հատկապես և կրկին ռուսական ընտրությամբ գործարքներում…
Այլ կերպ ասած, որոշ աղբյուրների հավաստմամբ, ներկայումս խնդիր է դրված` ռուսներից որոշակի շուկա «հետ ստանալ», նաև փորձել նոր շուկա գրավել այս նոր ընկերության միջոցով, որն ակնհայտ է, որ ընդամենը ձևական մրցույթի արդյունքում պիտի հաղթող ճանաչվի: Ինչպես միշտ: Խոսվում է նաև, որ եթե ՕՏԵ-ի դեպքում որոշ մարդիկ ընդամենը մեծ փողեր են աշխատել (այդ թվում` նաև վերջին վաճառքի ժամանակ), արաբների «Վիվասելի» դեպքում` կոնկրետ «փայաբաժնով մասնակցել» (հայտնի չէ, ի դեպ, թե ռուսական «ամուսնությունից» հետո ինչ պատահեց այդ բաժնին որն ասում են, ոչ ավել, ոչ պակաս, Քոչարյանին էր պատկանում), այժմ արդեն մեր «տեղական կապիտալը որոշել է» ամբողջովին և միայնակ հանդես գալ շուկայում: Բայց ինչպե՞ս, կհարցնեք: Դե, ձևը կգտնեն, էլի, կամ էլի մի անհայտ օֆշորային ընկերություն կգա, որի տեղը բնավ չենք գտնի, օրինակ` արդեն նախկին դարձած «Հայնամականիշի» հետ միլիոններով գործարք կնքած և այժմ անհետացած մի «կիպրական» ընկերության նմանությամբ, կամ էլ նորից մի «ներկայացուցիչ կգտնեն»` մի փոքր մասնաբաժին էլ նրան տալով, ի՞նչ իմանաս:
Իսկ հնարավոր չէ՞, որ առկա «բարեշրջումների կոնտեքստում» իշխանությունները որոշել են վերջապես խելքը գլխին մի մրցույթ կազմակերպել, և եթե վաղն այդ ընկերությունը գրավի շուկան, արդարանալ ռուսների մոտ, թե՝ բայց մե՞նք ինչ անենք, թող ձերոնք նորմալ աշխատեին: Դե` ՀԱՊԿ-ՆԱՏՕ «կոմպլեմենտար խաղիկների» նմանությամբ: Սրանից, ի դեպ, մեր աղբյուրը գաղափար չուներ, ասաց` հետաքրքիր բան ասիր, կարելի է և հետաքրքրվել:
Դե, նա թող հետաքրքրվի, մենք անցնենք առաջ և տեղեկացնենք մեր ընթերցողին, որ երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության բաժնի պետ Գևորգ Գևորգյանից փորձեցինք այս գործարքի տնտեսական հիմնավորումներն ստանալ (այլ կերպ ասած` մեր փոքր շուկայի պարագայում որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանում երրորդ օպերատոր ունենալ, կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե ինչու պիտի նոր օպերատորն այս փոքրիկ երկրում այդքան փող ծախսի, եթե խնդիր չի դրել ինչ-որ մեկին շուկայից «վռնդել» և այլն), նախ սիրալիրության արժանացանք, ապա արդեն` կտրուկ մերժումի: «Մենք բոլոր հարցերին պատասխանում ենք միայն մեր մամլո խոսնակի միջոցով, զանգահարեք իրեն, թող կազմակերպի»: «Շատ լավ, այդ դեպքում ինչու՞ խոսնակի մասին միայն հարցս լսելուց հետո «հիշեցիք». է, հենց սկզբում ասեիք, չէ՞ որ ես որպես լրագրող ներկայացա», նեղսրտեցինք:
Դե ոչինչ, կենացները դեռ նոր են քաղցրանում…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9423

Մեկնաբանություններ